ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կոչ արել խուսափել քաղաքական հաշվեհարդարներից

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ինչպես անցավ իշխանության հետընտրական հանրահավաքը. լուսանկարներ

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։

Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային»,-հորդորում է կողմերին ԱՄՆ-ը։

Շեշտվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իր գործընկերությունը Հայաստանի հետ ու նշվում, որ երկիրն առաջընթաց է ունեցել բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերում։

Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։