Շիրակի մարզում ընտրողներին կաշառելու գործով ձերբակալվել է 5 անձ

Արթիկ քաղաքի 12 բնակարաններից խուզարկությամբ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ու մանակից ուժերի դաշինքներից մեկի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել ու տրամադրել են տարբեր չափի կաշառքներ, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է

Դեպքի առիթով ԱԱԾ–ում հարուցված ու ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Արթիկ քաղաքի 12 բնակարաններում, որտեղից հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացույցներ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ռուբեն Խլղաթյանը պետք է փող տար 147 ընտրողի. ՀՔԾ-ում կաշառքի գործերով 8 կասկածյալ կա

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է