«Սերտորեն կհամագործակցենք»․ Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Վրաստանի կառավարության ղեկավարը Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցություն է ակնկալում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և քվեարկության հաջող կազմակերպման համար։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։

«Հաջողություն եմ մաղթում և հույս ունեմ, որ նոր կառավարության հետ սերտ համագործակցություն կլինի», - գրել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Իմ ցավը մի քիչ թեթևացավ, որ դուք մնացիք». զոհվածի մայրը` Եռաբլուր այցելած Փաշինյանին