ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կարծիքով` ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները:
«Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ: Արձանագրված են բազմաթիվ խախտումներ: Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, ունենալով բացարձակ իշխանություն, ի վիճակի չի լինելու լուծել պետության և ժողովրդի ապագայի շահից բխող որևէ խնդիր: Կարճ ժամանակ անց մենք բոլորս առերեսվելու ենք դառը իրականությանը: Քաղաքական տեխնոլոգիաների միջոցով դարձյալ օգտագործվեց մարդկանց հավատն ու միամտությունը: Հանրությանը տարիներով սնելով կեղծ տեղեկատվությամբ, կոտրելով հավատը պետության ու վաղվա օրվա նկատմամբ, դրեցին սահմանափակ ընտրության առաջ, թույլ չտալով մտածել նոր, վստահելի այլընտրանքի մասին»,– ասված է նրա հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:
Աբրահամյանի խոսքով` ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու նոր մեծ ճգնաժամի, որի մեջ հայտնվելու է մեր երկիրը:
«Քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունն էլ ավելի է խորանալու, մեծանալու է արտագաղթի ծավալը, սրվելու են լարումն ու պառակտվածությունը: Հայաստանին լուրջ ներքին և աշխարհաքաղաքական փորձություններ են սպասում»,– նշել է նա:
Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` հիմա առավել քան երբևէ մենք հավաքական լայնախոհության կարիք ունենք մեր հայրենիքն այս իրավիճակից հանելու համար:
«Հայաստանը սիրո, համերաշխության և միասնականության կարիք ունի և ոչ թե չարության ու «պողպատի»: Ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքական խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ»,– եզրափակել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ
ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։
«Իմ ցավը մի քիչ թեթևացավ, որ դուք մնացիք». զոհվածի մայրը` Եռաբլուր այցելած Փաշինյանին