ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 416 (3.96), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 647 (1.54)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։
Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է