«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։