Նախորդ խորհրդարանի ընդդիմադիր երկու ուժերն էլ խարիզմատիկ կուսակցություններ էին և ձևավորվել էին իրենց առաջնորդների հեղինակության, նրանց նյութական ռեսուրսների և կապերի շնորհիվ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Քեռյանը։
«ԲՀԿ-ն ինչ-որ առանձնահատուկ քաղաքական գիծ չուներ։ Այն ամբողջովին հենված էր Գագիկ Ծառուկյան անհատի` որպես խոշոր կապիտալի տեր անձի վրա, որը բարեգործությամբ շատ լուրջ քաղաքական կապիտալ էր կուտակում, հետո մտնում էր քաղաքական դաշտ և դրա արդյունքը ստանում էր»,- ասաց նա։
Քեռյանի կարծիքով` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավի փուլում Ծառուկյանն այնքան էլ ակտիվություն չցուցաբերեց և հենց նրա պասիվությունը հանգեցրեց ընտրություններում կուսակցության նման ցածր արդյունքների։
«Մենք տեսանք, որ ԲՀԿ-ն ժողովրդական խոսքով ասած`«գլուխ չէր ջարդում» խորհրդարան մտնելու համար։ Նույնը, եթե Էդմոն Մարուքյանին հանենք «Լուսավոր Հայաստանից», տակը բան չի մնա, ինչպես մյուս բոլոր կուսակցությունները, որոնք անհատի խարիզմայի վրա են հիմնված»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով` նույն ճակատագրին կարժանանա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, եթե ինչ-որ պահի Քոչարյանը հրաժարվի դաշինքի առաջնորդի դերակատարությունից։
Քեռյանի համոզմամբ` ցանկացած քաղաքական ուժ, որը քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացնում, իրեն պետք է հարց տա` մտնում են քաղաքականություն իրենց ցուցադրելո՞ւ, թե՞ գալիս են իրենց առաջարկած ծրագիրն իրականացնելու համար։
«Վերցրեք 26 կուսակցությունները և համեմատեք նրանց ծրագրերը` դեկլարատիվ արտահայտություններ, մեկը մեկին կրկնող և ոչինչ չասող բառակապակցություններ, և ոչ մի տեղ նշված չէ իրական ռեսուրսը կամ միջոցը` ինչով նրանք պետք է կարողանան իրենց պլաններն իրականացնել, իսկ գեղեցիկ մտքեր ով ասես կարող է արտահայտել»,- հավելեց Քեռյանը։
«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն հաղթահարել խորհրդարան անցնելու անցողիկ շեմը։