Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Դիտորդական խմբի ղեկավարի համոզմամբ` եթե ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, ապա քաղաքացիներին ընտրության լայն հնարավորություն է տրված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՊՀ դիտորդները ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա: Այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Իլհոմ Նեմատովը:

«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Անցկացվել են բազմակուսակցականության հիմքով, եղել են բաց ու թափանցիկ: Ընտրական հանձնաժողովն ապահովել է բոլոր միջոցները քաղաքացիների ազատ կամարտահայտության ապահովման համար: Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան»,- ասաց նա:

Ըստ նրա` եթե ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, ապա քաղաքացիներին ընտրության լայն հնարավորություն է տրված:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Որոշ թերացումներ, իհարկե, եղել են, բայց դրանք, դիտորդների խոսքով, չեն կրել համակարգային բնույթ ու չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Օրինակ` ընտրատարածքներից մեկում դիտորդներն արձանագրել են, որ քաղաքական 25 ուժերից ոչ մեկի ներկայացուցիչը իրենց այցելության պաhին տեղամասում չի եղել:

Մյուս թերացումները, ըստ նրանց, առավելապես տեխնիկական բնույթի են եղել:

Որոշ տեղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների մասին հարցին Նեմատովը պատասխանեց. «Գիտեք՝ հայկական շատ լավ ասացվածք կա` լուսինն էլ անթերի չի լինում: Այնպես որ դրանք թերություններ են, որոնք ընտրությունների արդյունքների վրա, իհարկե, չեն ազդել»:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է