Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորության թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով, Facebook-ում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։

Գերատեսչությունն արձանագրել է, որ Սարգսյանը Facebook-ի իր էջում քվեախցից արված լուսանկար է հրապարակել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով, Facebook-ում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։

Իր հրապարակումը Սարգսյանը վերնագրել է «Մերժվածները»։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել