Որոշ ընտրողների զարմացրել է «22» համարի քվեաթերթիկի բացակայությունը

Տեղամասում ընտրողը ստանում է 25 քվեաթերթիկ` թվագրված 1-26 համարներով, սակայն 22 համարը բացակայում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ ՀՀ ընտրատեղամասերում ընտրողներից շատերին զարմացնում է այն հանգամանքը, որ իրենց հանձնված քվեաթերթիկների տրցակում մեկ քվեաթերթիկ` 22-րդ համարը բացակայում է։ Այս հարցին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսում անդրադարձավ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Պետք է ասել, որ ընտրողը ստանում է 25 քվեաթերթիկ` թվագրված 1-26 համարներով, սակայն 22 համարը բացակայում է, որովհետև 22 համարը ինքնաբացարկ է հայտնել»,– ասաց Սմբատյանը։

Հիշեցնենք` հունիսի 8-ին, մինչ քարոզարշավի մեկնարկը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի թիվը դարձել էր 25` 4 դաշինք և 21 կուսակցություն։ Բայց քանի որ ընտրություններին մասնակցող ուժերին իրենց հերթական համարներն արդեն բաժանվել էին, դրանք մնացին անփոփոխ։ 22 համարն ուղղակի հանվեց դրանց շարքից։

«Ընտրողը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկներ։ Չի կարող վերցնել ըստ իր ճաշակի։ Հանձնաժողովի անդամն էլ պարտավոր է ընտրողին տալ բոլոր քվեաթերթիկները, ըստ հերթականության` աճման կամ նվազման կարգով, որպեսզի ընտրողի համար հեշտ լինի քվեարկություն կատարելը»,– պարզաբանեց Սմբատյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել