Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է

Շիրակի մարզն ունի 220 ընտրատեղամաս։ Ընտրողների ընդհանուր թիվը, ըստ հրապարակված նախնական ընտրացուցակների, 227 484 է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Վաղ առավոտից Գյումրու մի շարք ընտրատեղամասերում ակտիվություն  է նկատվում: Ակտիվությանը զուգահեռ որոշակի դժգոհություններ էլ կան։ Չնայած Spuntnik Արմենիայի հարցախույզը ցույց տվեց, որ գործընթացի 2 ժամվա ընթացքում վստահված անձիք ու դիտորդները  լուրջ խախտումներ չեն արձանագրել, սակայն որոշ ընտրողների հարցում անճշտություններ եղան:

Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ

Գյումրու թիվ 30 դպրոցում տեղակայված 31/32 տեղամասում միշտ իր ընտրությունը կատարած տիկին Նելլին  այս անգամ իր անունը ընտրացուցակում չգտավ: Տեղմաս եկել էր ամուսնու հետ, ում անունը ցուցակում կար: «Չկար իմ անունը, չնայած մեր տուն եկել, ցուցակները ստուգել ու իմ անունը ավելացրել էին, հիմա չկա։ Բայց ոչ այլ տեղ գնալու, ոչ էլ էս հարցը ճշտելու հավես ունեմ»,- Spuntnik Արմենիային ասաց տիկին Նելլին:

Նույն տեղամասում նաև եղան ընտրաթերթիկները փոխելու  ցանկություն հայտնած քաղաքացիներ: Ըստ վերջիններիս` նրանց հանձնած թերթիկների ծայրերը թաց էին, իրենք էլ որոշեցին իրենց ընտրությունը կատարել նոր ընտրաթերթիկով:

31/32 տեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Մխիթարյանը, որը նախկինում ևս մասնակցել է ընտրական գործընթացներին, վստահեցրեց՝ նման ակտիվություն չէր սպասում: «Տեղամասն ունի 1754 ընտրող, 8:00 -ին արդեն 8 ընտրող պատրաստ էր իր ընտրությունը կատարելու: Հույս ունեմ, որ ավելի ակտիվ կլինի օրվա ընթացքում, ու ամեն ինչ նորմալ կընթանա»,-նշեց Տիգրան Մխիթարյանը:

Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքների: Մարզում գործում են  թիվ 30, 31, 32 և 33 ընտրատարածքները։ Արթիկի և Անիի տարածաշրջանների  բնակավայրերը  ներառված  են թիվ 33-ում ընտրատարածքում, իսկ Աշոցք, Ախուրյան, Ամասիա  խոշորացված համայնքներն ու Գյումրի քաղաքն  ընդգրկված են թիվ 30, 31 և 32 ընտրատարածքներում։

Մարզը ունի  220 ընտրատեղամաս։ Ընտրողների ընդհանուր թիվը, ըստ հրապարակված նախնական ընտրացուցակների, 227 484 է:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել