Սյունիքի «Հայաստան» դաշինքի շտաբներից անձանց են բերման ենթարկում Երևան. Վարդևանյան

Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել` ասելով, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սյունիքի «Հայաստան» դաշինքի շտաբներից առնվազն մեկական անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան։ Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով այսօր արդեն իսկ մեկ անգամ հնչեցրած ահազանգին։

«Դաշինքի շտաբներից առնվազն մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան  առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00-ը, սակայն այս ապօրինության իրական նպատակն ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը խափանել գործունեությունը»,–նշված է հայտարարության մեջ։

Ընտրողների 38 %–ից ավելին արդեն մասնակցել է քվեարկությանը

Վարդևանյանը հրավիրում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ խուզարկում են շտաբները` քվեաթերթիկ տպող սարք որոնելով։ Նրա խոսքով՝ քվեաթերթիկ տպող սարքի որոնման աբսուրդն այն է, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող։ Վարդևանյանն ընդգծել էր՝ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարաններում, և դրանցից որևէ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:

ՄԻՊ–ը խումբ էր ուղարկել Սյունիք` տեղում իրավիճակին ծանոթանալու։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել