Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ

Լոռու բնակչուհին ընտրակաշառք է առաջարկել՝ իր նշած դաշինքի օգտին քվեարկելու դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Լոռու մարզի բնակչուհի է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները

Նշվում է, որ Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք:

Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի իր նշած դաշինքի օգտին:

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով (թեկնածուներից, կուսակցություններից, դաշինքներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու համար կաշառք տալը)։ Քաղաքացին տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, խուզարկություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Կրակելու պահին Բաբաջանյանը մեքենայում չի եղել. ոստիկանություն

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։