Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

Արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։

Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

«Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։