«Պառկեցի անգիտակից հորս վրա, բայց շարունակում էին հարվածել». Ազատաշենի կրակոցների հետքերով

«Վերելք» կուսակցության վստահված անձ Էրիկ Եփրեմյանը Sputnik Արմենիային ներկայացրեց Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի մասնակից են եղել մի կողմից ինքն ու իր հայրը, մյուս կողմից` ԲՀԿ մի քանի ներկայացուցիչներ։
Sputnik
«Պառկեցի անգիտակից հորս վրա, բայց շարունակում էին հարվածել». Ազատաշենի կրակոցների հետքերով

Էրիկ Եփրեմյանի տեղեկացմամբ`ինքը ներկայացել է ընտրատեղամաս, որպեսզի հետևի ընտրական գործընթացին`իրականացնելով վստահված անձի կարգավիճակից բխող իր առաքելությունը և հայտնաբերել է, որ ընտրատեղամասում չկա գործընթացը նկարահանող տեսախցիկը։

«Ընտրական հանձնաժողովից ինձ պատասխանեցին, որ Ազատաշենը փոքր գյուղ է, ուստի տեսախցիկի կարիք չկա։ Բայցևայնպես որոշեցի զանգահարել պատգամավորության թեկնածու, «Վերելք» կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Գաբրիելյանին, որպեսզի տեղեկացնեմ առկա իրավիճակի մասին։ Նա նաև իմ հայրն է»,– Sputnik Արմենիային ասաց «Վերելք» կուսակցության վստահված անձը։

Եփրեմյանի խոսքով` քիչ հետո ընտրատեղամաս է եկել Սամվել Գաբրիելյանը և նույնպես պարզաբանում պահանջել ընտրական հանձնաժողովից տեսախցիկի բացակայության առթիվ։ Այդ ընթացքում Գաբրիելյանը նկատել է նաև, որ անհայտ անձինք առանց անցագրի ճեմում են ներսում և փորձում ուղղորդել գործընթացը։

Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ կրակոցներ են հնչել

«Ընտրողներից մեկն էլ պահել էր ընտրաթերթիկն ու ընտրական հանձնաժողովի անդամից փորձում էր ճշտել, թե ում օգտին պետք է քվեարկի։ Բնականաբար բողոքեցինք և փորձեցինք ճշտել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում, սակայն մի քանի հոգի իսկույն միջամտեցին ու հրահրեցին սադրիչ վիճաբանություն` միանգամից հարվածներ հասցնելով մեզ։ Այդ ամենի անմիջական ականատեսն է եղել նաև գյուղապետը»,– նշեց «Վերելք» կուսակցության վստահված անձը։

Եփրեմյանի խոսքով` ծեծկռտուքը շարունակվել է դրսում, մոտ քսան հոգի շարունակել են հետապնդել հորն ու տղային և հարվածներ հասցնել նրանց։

«Փորձում էին ինձանից խլել անձնական օգտագործման պայուսակը, որում կար օրինական գրանցված գազային ատրճանակ։ Հասա մեր մեքենային, որպեսզի պայուսակը դնեմ մեքենայի մեջ և օգնեմ Սամվել Գաբրիելյանին, որն այդ պահին արդեն անգիտակից վիճակում գետնին էր։ Ինձ չէին թողնում նրան օգնել, երկուսիս էլ հարվածում էին։ Ես նույնիսկ պառկեցի հորս վրա, որ հարվածներն ընդունեմ, բայց մահակով շարունակում էին հարվածել»,– պատմեց «Վերելք» կուսակցության վստահված անձը։

Եփրեմյանի տեղեկացմամբ`տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից ու դառնում օրհասական, նա մի կերպ հասել է մեքենային, դուրս բերել գազային ատրճանակն ու պաշտպանության նկատառումով երկու անգամ օդ կրակել։ Նրանից խլել են ատրճանակը, ինչից հետո Եփրեմյանը Սամվել Գաբրիելյանին տեղափոխել է մայրաքաղաքի Ս. Մարիամ Աստվածածին հիվանդանոց ու միջադեպի մասին ահազանգել ոստիկանություն։ Այն հարցին, թե ինչպես իմացավ, որ կոնֆլիկտի մասնակիցները եղել են ԲՀԿ–ի ներկայացուցիչները, Եփրեմյանը նշեց, որ ընտրատեղամասի մուտքի մոտ տեղակայված ավտոմեքենայի համարանիշերից է այդ հանգամանքն իմացել ու նաև շրջանառվող խոսակցություններից

Այն պահին, երբ Եփրեմյանը զրուցում էր Sputnik Արմենիայի հետ, բժիշկները պատրաստվում էին համապատասխան զննում իրականացնելու միջոցով պարզել տուժածների ստացած մարմնական վնասվածքների աստիճանը։

«Պառկեցի անգիտակից հորս վրա, բայց շարունակում էին հարվածել». Ազատաշենի կրակոցների հետքերով

ԲՀԿ կուսակցությունից էլ Sputnik Արմենիային տեղեկացրին, որ փորձում են պարզել միջադեպի հանգամանքները։

Հիշեցնենք, որ ոստիկանության տեղեկատվության համաձայն` առավոտյան ժամը 8:30 կրակոցներ են հնչել Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում:

Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել