ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում

Սոցցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներում ավելի շատ բարձրացվել են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումներին, քաղաքացիների ու զինծառայողների ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։

Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին, քվեարկության կարգի խախտմանը և այլն։

Սոցցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներում ավելի շատ բարձրաձայնվել են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումներ, քաղաքացիների ու զինծառայողների ուղղորդված քվեարկության դեպքեր։

Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքման այցեր, այդ թվում` ոստիկանության ստորաբաժանումներ: Պարզաբանումներ են ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին:

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:

Պաշտպանի աշխատակազմում գործում է թեժ գիծ` 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարով:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։