ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն ապագայի Արաբկիր վարչական շրջանի համար 78 հիմնական դպրոցում տեղակայված 4/35 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ այս ընտրություններում մարդիկ քվեարկում են հանուն Հայաստանի լինելու ու չլինելու։
Վանեցյանը խոսեց հետընտրական հնարավոր բացասական զարգացումների, մասնավորաբար՝ տարբեր քաղաքական գործիչների կողմից կանխատեսվող քաղաքացիական բախումների մասին։ Շեշտեց` դրա պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանությունը։
Նա անդրադարձավ նաև վաղ առավոտից ստացվող ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին։ Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ուստի «վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»։
«Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կան նշումներ, ընտրատեղամասերում չեն տալիս քաղաքացիներին մեր քվեաթերթիկները, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են դեպի ընտրությունների»,- նշեց Վանեցյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Նշում է, որ դրա նպատակն իրենց թիմակիցներին 72 ժամով հեռու պահելն է ընտրական գործընթացներից։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը ընտրատեղամաս մտավ առանց հերթում սպասելու։ Թեպետ նա մինչ ընտրատեղամաս մտնելը ներողություն խնդրեց քաղաքացիներից և խնդրեց իրեն թույլ տալ ներս մտնել, բայց քվեարկությունից հետո որոշ քաղաքացիներին դժգոհեցին «առանց հերթի» ներս մտնելու` Վանեցյանի քայլից։ Մի կին նշեց, թե հերթում հղի կանայք են սպասում, Վանեցյանն էլ ևս մեկ անգամ ներողություն խնդրեց ու գնաց։
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել