Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս

Ամեն անգամ ընտրությունների նախաշեմին խոսք է գնում ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիություն ապահովելու մասին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հաշմանդամություն ունեցողների զգալի մասը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի կարողանում մասնակցել ընտրատեղամասերի մատչելիության բացակայության պատճառով։  

Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է

Գյումրիում Sputnik Արմենիայի այցելած տեղամասերի մեծ մասը թեքահարթակ չուներ, իսկ եթե ուներ, ապա դրանք չափորոշիչներին համապատասխան չէին: Նույնիսկ կան տեղամասեր, որոնք 2-րդ հարկում են տեղակայված, ու նույնիսկ մի քանի մարդու օգնությամբ, անվասայլակը բարձրացնել հնարավոր չէ:

Գյումրու թիվ 31/29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղամասի հետ կապված միակ խնդիրը անմատչելիությունն է: «Տեղամասը գտնվում է երկրորդ հարկում, ու շատ դժվար է հենաշարժողական խնդիր ունեցողին բարձրանալ երկրորդ հարկ»,-նշեց Սամվել Ոսկանյանը:

 Անմատչելիության խնդիր կար նաև թիվ 31/31 ընտրատեղամասում, սակայն ի տարբերություն 31/29-ի, այստեղ որոշակի հարմարություններ կային հաշմանդամություն ունեցողների համար:

«Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար ունենք բրալյան տարբերակով նմուշներ, իսկ նրանք ովքեր անվասայլակով են գալու տեղամաս, պետք է փորձենք օգնել՝ սայլակը ներս բերելու հարցում »,-նշեց տեղամասի նախագահ Էլյանորա Հարությունյանը:

Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս

Հաշմանդամություն ունեցող շատ քաղաքացիներ տեղամասերի անհարմարության պատճառով այդպես էլ ընտրության չեն մասնակցում:

Ենթադրվում է, որ այդ խնդիրը պետք է լուծվի ՏԻՄ-երի կողմից, բայց այն պահանջում է ֆինանսական ռեսուրսներ, իսկ ՏԻՄ-երը իրենց սուղ բյուջեներով դա չեն կարող իրականացնել: