ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ Հայաստանի տարբեր մարզերից ահազանգում են հոսանքազրկումների մասին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ։
«Պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում առաջացած համակարգային խնդիրներն է»,- նշեց Սարջանյանը։
Թե խնդիրները երբ կլուծվեն, Սարջանյանը չգիտի:
Նշենք, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների՝ հոսանքազրկումներ են եղել Տավուշում, մասնավորապես` Դիլիջանում ու մի շարք գյուղերում, Լոռիում՝ Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, մի շարք գյուղերում, Շիրակում՝ Գյումրիում, Արթիկում, Արագածոտնի մարզում՝ Ապարանում, Արմավիրում՝ Արմավիր քաղաքում, Մեծամորում, նաև Երևանի մի շարք վարչական շրջաններում։
Հոսանքազրկված Վանաձորի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկն սկսվել է հոսանքի վերականգնումից հետո։
Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է