Հայտնի է` ինչու է ժամը 21:00–ից հետո ՀՀ տարբեր մարզերում էլեկտրականությունն անջատվել

Sputnik Արմենիան այս հարցով պարզաբանում է ստացել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ Հայաստանի տարածքում քվեաթերթիկների հաշվարկը սկսելուց հետո հոսանքազրկումները կապված են եղել «Ալավերդի» բարձր լարման գծում առաջացած խնդիրների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը։ 

Հոսանքազրկումները ՀԷՑ-ի հետ կապ չունեն․ ո՞վ է մեղավոր

Նրա խոսքով` խնդիրներն ի հայտ են եկել, երբ Հայաստանը հերթական անգամ հոսանք էր ներմուծում Վրաստանից (երկու երկրները պարբերաբար հոսանք են փոխանակում կարճաժամկետ պակասուրդի դեպքում)։

Այդ դեպքում Հայաստանի էներգահամակարգի մի մասը միացվում է վրացականին կամ հակառակը։

Հերթական այդպիսի միացումը կատարվել էր ժամը 21:00–ից հետո։ 21:40–ի սահմաններում խնդիր էր առաջացել «Ալավերդի» գծի վրա, որը ներհոսք էր ընդունում Վրաստանից` Շիրակի և Լոռու մարզերի համար։ Խափանումից անմիջապես հետո այս երկու մարզերը հետ էին միացվել Հայաստանի համակարգին։

Հիշեցնենք` Հայաստանի տարբեր մարզերից ահազանգում էին հոսանքազրկումների մասին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ։