ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Երեկ մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ:
60 կգ քաշային ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ:
«Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ, և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով է մեծ առավելություն ունեցել, հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև Արմեն Մաշակարյանը, որի համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության է մատնել մոլդովացի Նիկոլա Բուկսային:
Պատանեկան ԵԱ․ Անդրանիկ Ավետիսյանը ջախջախեց ադրբեջանցուն