ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տարիներ առաջ վիրահատել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հորը։ Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Արմեն Չարչյանը։
«Դա եղել է 2020-ի դեկտեմբերի 6-7-ին։ Ես արձակուրդում էի, Դիլիջանում։ Արձակուրդից հետ եկա, որ վիրահատեմ»,–ասաց Չարչյանը։
Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ զանգել և խնդրել են, որ հենց նա վիրահատի` Չարչյանը պատասխանեց, որ զանգել, ասել են, որ նման խնդիր կա, ինքն էլ վերադարձել ու գործի է անցել։
Չարչյանը, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ մնացածն արդեն անձնական կյանքի գաղտնիությանն է վերաբերվում։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին
Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։