Արձանագրվել է 47 առերևույթ հանցագործության դեպք․ ոստիկանություն

Ընտրախախտումներին վերաբերող ու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ամենաշատ դեպքերն արձանագրվել են Կոտայքում, երկրորդ տեղում Սյունիքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ Այսօրվա ընթացքում ոստիկանության օպերատիվ շտաբի կողմից արձանագրվել է ընդհանուր առմամբ 141 դեպք, որոնցից 94-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Օպերատիվ շտաբի կողմից առավոտյան 8։00-ից մինչ այս պահը վերլուծվել, քննարկվել և սահմանված կարգով ընթացք են տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիներից, ոստիկանության ծառայողներից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հանձնաժողովի անդամներից, դաշինքներից, կուսակցություններից, թեկնածուներից կամ վստահված անձանցից, դիտորդներից, ԶԼՄ-ներից ստացված տեղեկություններին»,- նշեց Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված 141 դեպքերից 47–ին ընթացք է տրվել։ Առերևույթ հանցագործության դեպքերից 3-ը գրանցվել են Երևանում, 44-ը՝ մարզերում։ Մասնավորաբար, Շիրակի մարզում արձանագրվել են 2, Սյունիքում՝ 10, Արարատում՝ 9, Լոռիում՝ 5, Կոտայքում՝ 11, Տավուշում՝ 2, Արմավիրում՝ 4, Արագածոտնում՝ 1 դեպք։

Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ

Ստացված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 47 հաղորդումներից կեսից ավելին՝ 25 դեպքեր, վերաբերում են 1-ից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելուն։

Ընտրախախտումներին վերաբերող ու առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ամենաշատ դեպքերն արձանագրվել են Կոտայքում, երկրորդ տեղում Սյունիքն է։

Դեպքերը վերաբերում են նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գորադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքին, քվեարկության գաղտնիության խախտելուն, ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելուն և այլն։

Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց