Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է

Տվյալներ են ձեռք բերվել, որ ձերբակալված անձինք անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են բաժանել ընտրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանում ևս 3 հոգու են ձերբակալել ընտրողներին կաշառք տալու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։

Քանաքեռ-Զեյթունում ընտրակաշառք է բաժանվել դաշինքի օգտին. թեկնածուներից մեկը ձերբակալված է

«ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ–ում հարուցված և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՔԾ–ի` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն:

Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում գրել է, որ ձերբակալվածը իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն է։

Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել