ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահն ընդգծել է,որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ:
Հիշեցնենք` ՀՀ նախագահն այսօր ուղերձ էր հղել ու բոլորին հորդորել հունիսի 20-ին արդար ու ազատ քվեարկել։ Նա անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի էր համարել իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։ ՀՀ նախագահը իրավապահ մարմիններից պահանջել էր, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։
Ավելի ուշ նա խոսել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ։
Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են վաղը` հունիսի 20-ին։