Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են

Հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ահազանգում են, որ իրենց հարյուրավոր քվեաթերթիկների վրա կողմնակի նշումներ են հայտնաբերվել։

Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է

Ըստ «Փաստինֆոյի»` Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում քվեաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ` կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիսանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելու համար:

Նշենք, որ թանաքի նման նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին ավելի վաղ ահազանգել էր փաստաբան Արամ Վարդևանյանը` հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը` ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան:

«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել։ Դաշինքի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշ տեղամասերում նման քվեաթերթիկների թիվը հասնում է 300-ի։

«Մենք ԿԸՀ-ի ուշադրությունը հրավիրում ենք ստեղծված իրավիճակի վրա, որպեսզի վաղը, մյուս օրը այս տեխնիկական խոտանը քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու պատճառ չդառնա», - ասաց Հակոբյանը:

Նա նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց կատարվածի վրա` նշելով, որ զգոն լինեն, եթե նման նշումներ տեսնեն, տեղեկացնեն ընտրական հանձնաժողովի անդամներին։

Հիշեցնենք` Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են վաղը` հունիսի 20-ին։