«Հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀ նախագահը պահանջում է, որ իրավապահ մարմինները խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բոլորին հորդորում է հունիսի 20-ին արդար ու ազատ քվեարկել։ Նա ուղերձ է հղել, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվեց նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո: Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի»,– նշել է նա։

Սարգսյանն անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի է համարում իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։

Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. Արմեն Սարգսյան

«Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները»,– գրել է նա։

Վճռորոշ ընտրություններ, կամ անվտանգության հարց և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար

ՀՀ նախագահը իրավապահ մարմիններից պահանջում է, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

«Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը: Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։ Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին»,– եզրափակել է նա։

ՀՀ նախագահն իր ուղերձի վերջում հաջողություն և ամենայն բարիք է մաղթել բոլորին։

Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը