Արմեն Սարգսյանը զանգել է Տիգրան Մուկուչյանին

ՀՀ նախագահն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռու ցնցումներից ու պառակտումներից. Գարեգին Բ–ն ընտրություններին ընդառաջ ուղերձ է հղել

ԿԸՀ նախագահը Սարգսյանին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները:

Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից:

Հիշեցնենք` ՀՀ նախագահն այսօր ուղերձ էր հղել ու բոլորին հորդորել հունիսի 20-ին արդար ու ազատ քվեարկել։ Նա անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի էր համարել իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։ ՀՀ նախագահը իրավապահ մարմիններից պահանջել էր, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են վաղը` հունիսի 20-ին։