ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։ Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է»,–գրել է Սարգսյանը։
Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով դրական դինամիկա երկու ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար։
Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։
Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:
Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում Էբրահիմ Ռայիսիին կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։
Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան