Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ. տեսանյութ

Հունիսի 20-ին, բացի երկարաժամկետ դիտորդներից, ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում և կարևորել պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում:

Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրել, որ բացի երկարաժամկետ դիտորդներից վաղը ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Հիշեցնենք` Միրզոյանն այսօր ընդունել էր նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին:

Ազգային ժողովի նախագահը կարևորել էր կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը և հավաստիացրել է, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշերին:

Հիշեցնենք` Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են նախատեսված վաղը` հունիսի 20-ին։