Թափանցիկ ընտրություններ. Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությանը

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Կանիբեկ Իմանալիևը կարևորել է Միրզոյանի` արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ վստահությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ազգային ժողովի նախագահը կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությունը և հավաստիացրել է, որ ընտրությունները լինելու են ազատ և թափանցիկ՝ համապատասխանելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև միջազգային չափանիշերին:

Նշվում է, որ դիտորդական առաքելության ղեկավար, Ղրղզստանի խորհրդարանի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Կանիբեկ Իմանալիևն ասել է, որ արդեն իսկ հանդիպել է ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժերի հետ: Նա նաև կարևորել է առկա վստահությունը արդար ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Արմեն Սարգսյանը զրուցել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հետ

Առաքելության անդամ, Ղազախստանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի քարտուղար Մուխտար Երմանը, Ղազախստանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի անունից, հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի զարգացման նոր էջ կբացվի:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը անդրադարձել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, մտքեր են փոխանակվել առաջիկայում սպասվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ:

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչները ևս Ազգային ժողովում հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին։

Խմբակցությունների ներկայացուցիչները կարևորեԼ ԵՆ ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության անդամների այցը։ Անդրադարձել են նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժևորվել է կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծել են, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:

Հիշեցնենք` Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են վաղը`հունիսի 20-ին։