ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը արտահերթ ընտրությունների քարոզարշավի ավարտին ուղերձով է հանդես եկել։
«Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։ Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։ Կոչ եմ անում ձեզ` եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը»,–ասում է ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով `պետք է երկրում հարատև խաղաղություն հաստատվի։ Վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։
«Բուժենք վերքերը։ Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։ Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։ Դա պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։Եվ ընդհանրապես` մեր ապրած կյանքի իմաստը։ Վստահ եմ, որ չեք սխալվի։ Իսկ դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան», - նշում է Քոչարյանը։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։