ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ընտրությունների արդյունքը ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանին այնքան չի հետաքրքրում, որքան հնարավոր հետևանքը։
Այս մասին Լևոն Տեր–Պետրոսյանը հայտնեց այսօր կայացած ՀԱԿ նախընտրական վերջին ասուլիսում։
Եթե անցկացվեն նորմալ ընտրություններ, առաջին նախագահը չի կասկածում, որ ՀԱԿ–ը լուրջ ներկայություն կստանա խորհրդարանում։
«Այդ դեպքում, ինչպիսի կազմ էլ լինի, մեր հայտնվելը խորհրդարանում մի զսպող գործոն կարող է լինել , որը թույլ չի տա այնպիսի սխալների կրկնությունը, որոնք եղել են Փաշինյանի իշխանության այս երեք տարիների ընթացքում»,– ասաց Տեր–Պետրոսյանը։
Ըստ նրա` ՀԱԿ–ը նոր խորհրդարանում կունենա առնվազն արբիտրի, բայց ոչ` դահճի դեր։
Ավարտելով խոսքը` Տեր–Պետրոսյանը հաջողություն մաղթեց իր կուսակիցներին` կրկնելով 88-ի հայտնի կարգախոսը` «Պայքար, պայքար մինչև վերջ»։
Հսկայական եռագույն և թմբուկներ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը մեկնարկեց երթով
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։