Քարոզարշավի շրջանակում հասարակությանը բևեռացրին 2 ուժերի շուրջ. Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանն առաջիկա ընտրությունների ֆոնին որևէ քաղաքական ուժի ֆավորիտ չի համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը ԱԺ ընտրություններին է մասնակցում «Ազատական» կուսակցության հետ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քարոզարշավի շրջանակում հասարակությանը բևեռացրել են 2 ուժերի շուրջ, մարդկանց բերել 2 բևեռների շուրջ (խմբ. նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին)։

«20 տարի իմ դեմ հակաքարոզչություն է տարել իշխանությունը, մի մթնոլորտ են ստեղծել, որ Բաբայանը հրեշ է` մարդ է ուտում։ Հիմա այդ ամենը հեշտ չէ կոտրել»,–ասաց Բաբայանը` հավելելով, որ ինքն այս պահին չի տեսնում, որ որևէ քաղաքական ուժ ֆավորիտ է։

Նա նշեց, որ ընտրություններից հետո պատրաստ են համագործակցել ցանկացածի հետ` Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի և մյուսների հետ։ Նա հավելեց, որ պատրաստ է համագործակցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ` իրենց ներկայացրած ծրագրի շրջանակներում։

Բաբայանը անդրադարձավ նաև պատերազմին և պարտությանը` ասելով, որ մեղավորը ռազմական գերատեսչության ամբողջ ղեկավարությունն էր։ Նրա խոսքով` եթե որևէ մեկին ձեռնտու է, որ ինքն ասի` իշխանությունն էր մեղավոր, «դավաճան» են, ապա ստիպված է հիասթափեցնել, քանի որ նման բան չի ասելու։ Ըստ Բաբայանի` ղեկավարությունը մեղավոր է, որ նման մարդկանց է ռազմական պատասխանատուներ նշանակել։

Նա նշեց, որ քննություն է ընթանում, որի շրջանակում ինքն էլ 3-4 անգամ հարցաքննվել է։ Բաբայանը հույս հայտնեց, որ քննության վերջում որոշ հարցերի պատասխաններ կլինեն։

Հիշեցնենք` հունիսի20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են նախատեսված։ Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին։