ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշված դեպքերի առթիվ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ (ընտրակաշառքի միջնորդությանը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նշված արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ:
Վլադիմիր Գասպարյանը կոչ է անում անպայման գնալ ընտրատեղամասեր. ո՞ւմ է օգտին է քվեարկելու նա
Նկատի ունենալով, որ ձերբակալվածներից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել ԿԸՀ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: