Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայան ստեղծելու լուրը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ՌԴ-ն սերտ կապի մեջ է թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ, և կարծում է, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասի իրադրության հետագա կայունացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին, այն անվանել է «հատուկ ուշադրության առիթ»: Նրա ասածը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Բաքվում լրագրողների հարցերին, չէր բացառել, որ Շուշիում Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրի շրջանակում Ադրբեջանի տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազա կստեղծվի։

«Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը հատուկ ուշադրության առիթ է և անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման պատճառ»,- ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ այդ հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ՌԴ-ն համագործակցում է Թուրքիայի հետ Անդրկովկասի իրադրությունը կայունացնելու հարցում:

Լավրովը ասեկոսե է անվանել Ադրբեջանում Թուրքիայի ռազմակայանների տեղակայման մասին լուրը

«Մենք սերտ կապի մեջ ենք և՛ Անկարայի, և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասի իրադրության հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի ինչ-որ տարրեր, որոնք կարող են լարվածության ավելացման պատճառ դառնալ»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:

Հռչակագրում նշվում է, որ կողմերը միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու, եթե որևէ երրորդ երկիր սպառնա կամ հարձակում իրականացնի կողմերից մեկի անկախության կամ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ընդգծվում է նաև, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները», պատմությունը խեղաթյուրելուն ուղղված նախաձեռնությունները վնասում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: «Հռչակագրում» նշվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը: Փաստաթղթում նաև նշվում է, որ կողմերը կշարունակեն զինված ուժերի արդիականացումը:

Թիրախավորում է հայ ժողովրդին. ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը