Փաշինյանը 3 տարում կործանեց այն ամենը, ինչ հնարավոր էր. Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը կոչ է անում ընտրություններին մասնակցել չոր հաշվարկով, քանի որ սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վստահ է` անչափ կարևոր է այս ընտրություններին բոլորի մասնակցությունը և ճիշտ ընտրությունը: Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` նշելով, որ հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ համար։

Նրա խոսքով` ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցել ընտրությանը, բայց ունենք այն, ինչ ունենք:

«Հորդորս, խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել-չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով: Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ: Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը…) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին: Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց կործանել այն ամենը, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է»,–ասում է Ջուլֆալակյանը։

Ըստ նախկին պատգամավորի` Նիկոլ Փաշինյանը չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը, չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին, նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էթիկետն ու վարվելակերպը։ Ջուլֆալակյանի խոսքով` Փաշինյանն ուղղակի կործանել է Արցախը։

Ուստի, ըմբիշի խոսքով, այսքանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Ջուլֆալակյանը հորդորում է նաև բացառել նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Արամ Զավենի Սարգսյան, ՔՈ և այլն։

Սամվել Կարապետյանը վստահություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կարգախոսին

«Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների: Մեզ պետք է ուժեղ,փորձառու և հայրենասեր իշխանություն»,–իր խոսքն ամփոփել է Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 9-ին Ջուլֆալակյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Նա պարզաբանել էր` նման քայլի պատճառ է հանդիսացել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին