Դատապարտելի երևույթ. ՄԻՊ-ը դիմել է ոստիկանությունը` Փաշինյանի հավաքի մուրճերի խնդրով

Պաշտպանն ընդգծում է՝ թեկնածուները չպետք է բռնության հետ ասոցացվող գործիքներ ցույց տան և արդարանան, թե իրենց շինարարության ծրագրերն են մատնանշում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի հանրահավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ «բացարձակ դատապարտելի երևույթ» անվանելով կատարվածը:

Պաշտպանն ընդգծում է՝ հանրահավաքը հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով, դրանցում երևում են մուրճով մարդիկ։ Բացի այդ, մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր:

ՄԻՊ-ի կարծիքով՝ սա ակնհայտորեն կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:

Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին, հատկապես՝ վարչապետի թեկնածուներին, չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել և հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար:

Օրենքով հստակ կանոնակարգված չէ, թե քարոզարշավին ինչ չի կարելի անել. Քեռյանը` մուրճի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը նաև դիմում է ոստիկանությանը և շեշտում՝ իրավապահները պետք է առավել զգոն լինեն։ «Մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն» ոստիկանությունը պետք է կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին: