ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշվում է, որ խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»:
«Հոդվածի փոփոխությունները Քրեական օրենսգրքում ամրագրվել են շատ հապճեպ, նախագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել և առաջին, երկրորդ ընթերցումներով ու ամբողջությամբ ընդունվել մեկ օրում՝ 2021 թվականի ապրիլի 28-ին, առանց մասնագիտական ու պատշաճ հանրային քննարկումների, հրապարակված չի եղել «e-draft.am» կայքում, նախագծային փուլում առկա են եղել են մի քանի տարբերակներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է , որ հիմնավորումները խիստ մակերեսային են, մարդու իրավունքների խախտումների վտանգներով, ցույց տված չեն օրենսդրի մտադրության և իրավապահ մարմինների ու դատարանի հայեցողության սահմանները փոփոխությունները կիրառելու հարցում: Մատնանշված չէ որևէ երկրի փորձ, ցույց տված չէ, թե այդ ինչ միջազգային պահանջների հիման վրա են կատարվում այդ փոփոխությունները և վերլուծված չեն ռիսկերը մարդու իրավունքների տեսանկյունից:
Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ-ը զգուշացնում է
Թաթոյանի խոսքով` ինչպես վկայում են բողոքներն ու ահազանգերը, վերոնշված հոդվածը պրակտիկայում ստացել է խնդրահարույց ու անտրամաբանական կիրառություն, մասնավորապես, իրավապահ մարմինների ու դատարանների համար այդպես էլ գործնական որևէ չափանիշ կամ ուղեցույց չի ընդունվել:
Հաշվի առնելով հոդվածի փոփոխության ընթացակարգային լուրջ թերությունները, բովանդակային խնդիրները, ինչպես նաև կիրառության պրակտիկան՝ ներկայում պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիմում՝ ուղղված Սահմանադրական դատարանին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։
Այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է։