ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները Երևանում, Գյումրիում և Վանաձորում իրենց կենսաթոշակները կստանան անկանխիկ եղանակով։ Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ինչ ժամկետներում և ուր պետք է դիմեն կենսաթոշակառուները՝ վճարումները ժամանակին ստանալու համար։
Անհրաժեշտ է մինչև հունիսի 21-ը դիմել ցանկացած բանկ կամ «Հայփոստ»: Այս դեպքում հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակները ձևավորելու համար համապատասխան բանկը կամ Հայփոստը դիմում ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը։
«Եթե անձն ընտրում է «Հայփոստը», ապա դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայփոստի հետ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագրի կնքումը հավաստող տեղեկանք. այն տրամադրում է «Հայփոստը»։ Բանկն ընտրելու դեպքում լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- տեղեկացնում է կառավարությունը։
Քաղաքացին ինքն էլ կարող է բանկ կամ «Հայփոստ» դիմելու փոխարեն մինչև հունիսի 30-ը դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։
Եթե մինչև հունիսի 30-ը քաղաքացին չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կընտրի վճարող որևէ կազմակերպություն։ Ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կտեղեկանա 3 աշխատանքային օրվա ընթացքում SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով։
Նշենք, որ կենսաթոշակների անկանխիկ վճարման հաստատված կարգում բացառություններ էլ կան։ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, նաև 75 տարեկանը լրացածը կենսաթոշակառուներն իրենք կընտրեն կենսաթոշակների ստացման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ։
Իսկ 14 տարեկանը լրացած անչափահաս կենսաթոշակառուներին և լիազորագրով կենսաթոշակ ստացողներին կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով։
«Հայկական կարիտասը» Արարատի մարզում «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոններ կկառուցի