Գործատուների հանրապետական միությունը հանդես է գալու քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի փորձագիտական ուսումնասիրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ընտրարշավում բազմաթիվ կուսակցություններ են ընդգրկված, և կարող է խառնաշփոթ առաջանալ ծրագրային դրույթների ու գաղափարների ընկալման տեսանկյունից, հետևաբար դրանց մասնագիտական քննությունը չափազանց կարևոր է։
«Բիզնեսի ներկայացուցիչների համար նույնպես կարևոր է, թե ինչպիսին են լինելու ապագա խորհրդարանն ու կառավարությունը։ Մեր միության համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ 2009 թվականից մինչ օրս, լինելով ՀՀ կառավարությունների պաշտոնական սոցիալական գործընկերը, շահագրգռված ենք իմանալ, թե ինչպիսին է լինելու մեր ապագա գործընկեր կառավարությունը, ուստի հենց այս համատեքստում էլ ամրագրել էինք փորձագիտական տեսանկյունից հանդես գալու դիրքորոշումը»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։
Մակարյանի գնահատմամբ` ընտրություններին մասնակցող կուսակցությունների կեսը տնտեսական ծրագիր գրեթե չունի, նրանք ավելի շատ կանգ են առել քաղաքական հիմնահարցերի կամ պետությանն առնչվող անվտանգության խնդիրների վրա` համարելով, որ դրանք ավելի հրատապ թեմաներ են։
Ըստ նրա` միայն որոշ կուսակցությունների մոտ է հանգամանորեն գրված տնտեսական խնդիրների մասին, նրանցից չորս–հինգի մոտ տնտեսական բլոկն ավելի ուժեղ է արտահայտված։
«Իսկ ինչ վերաբերում է ուսումնասիրության առարկա դարձած տնտեսական հիմնահարցերի չափաբաժնին, ապա նշեմ, որ ընդհանուր առմամբ տնտեսական մասը կազմում է ծրագրային դրույթների 30 տոկոսը, որոնք արծարծվում են քարոզարշավի ընթացքում։ Եթե նախկինում շեշտն ավելի շատ դրվում էր սոցիալ–տնտեսական հարցերի վրա, ապա ներկայումս, երբ անվտանգության հետ կապված հարցերն առաջին պլան են մղվել, հետևաբար դրանց արծարծումն ավելի շատ է և հուզում է քաղաքացիներին»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։
Այդուհանդերձ Մակարյանը չի կիսում այն տեսակետը, որ մարդկանց չեն հետաքրքրում սոցիալ–տնտեսական հարցերը, ուստի քաղաքական ուժերը մարդկանց շահագրգռելու, նրանց իրենց կողմը գրավելու համար պետք է հանդես գան իրատեսական ծրագրերով։
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։