Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բոլոր երկրներին խորհուրդ է տվել միանալ «Ճամփորդում եմ առանց Covid» բջջային հավելվածին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի տարածք մուտքը ԱՊՀ երկրների քաղաքացիների համար հնարավոր կլինի միայն «Ճամփորդում եմ առանց Covid» հավելվածի միջոցով: ԱՊՀ տնտեսական խորհրդի 90-րդ նիստում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Պատրաստել ենք կանաչ անձնագրերի պլատֆորմը». Փաշինյանը նշել է ճամփորդելու պարտադիր պայմանը

Նա մանրամասնել է՝ հուլիսի 1-ից մուտքը «Ճամփորդում եմ առանց Covid» հավելվածով պարտադիր կլինի ԵՏՄ երկրների համար, իսկ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը նախատեսում է այդ պայմանը միասնական դարձնել ԱՊՀ բոլոր երկրների համար:

«Շատ խնդրում եմ լուրջ վերաբերվել սրան, որպեսզի ԱՊՀ երկրներից մարդիկ հնարավորություն ունենան մուտք գործել Ռուսաստան։ Առանց այդ հավելվածի մուտքը հնարավոր չի լինի», - հայտարարել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ թվային այս հարթակն օգնում է ապահովագրվել կեղծ տեղեկանքներից, որոնք, ցավոք, շատ են եւ որոնք հնարավոր չէ ստուգել:

Այսպիսով, COVID-ին առնչվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը կտեղադրվի հավելվածի հուսալի միջավայրում:

Իր հերթին Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը (բանկի թվային նախաձեռնությունները վերահսկող) նշել է, որ մուտք գործած անձի առողջական վիճակի մասին տեղեկությունները չեն փոխանցվում ընդունող կողմին ՝ հաշվի առնելով բժշկական տվյալների գաղտնիությունը: Հավատարմագրված լաբորատորիան, անցկացնելով թեստը, քաղաքացուն ուղարկում է «կանաչ» QR կոդ, որն ընդունող երկիրը հաշվի է առնում երկիր մուտք գործելիս:

«Ես հիմա գալիս էի նիստի, և ռադիոյով տեղեկություն լսեցի այն մասին, որ ՌԴ-ում հայտնվել է սև շուկա, որտեղ վաճառվում են պատվաստումների մասին թղթային տեղեկանքներ»,- նշել է Սարգսյանը։

Չի բացառվում, որ Հայաստանն օգտագործի Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստները. Օվերչուկ

Նրա խոսքով՝ այս հավելվածը կօգնի կանխել նման կեղծարարությունները։

Հավելվածում կլինի ոչ միայն թեստավորման արդյունքների բաժին, այլ ևս մեկը՝ պատվաստումների մասին, ինչպես նաև կարող է ավելացվել ևս մեկ բաժին արդեն վարակված ու առողջացած քաղաքացիների մոտ հակամարմինների առկայության մասին: Վերջինիս համար կառավարությունները դեռ պետք է նման որոշում կայացնեն։

Հայաստանում և Բելառուսում հավելվածը գործում է 2021-ի փետրվարի 1-ից. ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են անարգել հատել Ռուսաստանի օդային սահմանը «Ճամփորդում եմ առանց COVID» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը ներկայացնելիս: