ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայ արտադրողները 2043թ․-ից կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։ Այժմ նրանք քննարկում են նոր անվանումը, որը թույլ կտա չկորցնել շուկաները, ТАСС-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017 թ․-ին, նախատեսվում է 2043 թ․-ից կոնյակային արտադրանքի արտահանման ժամանակ հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից ԵՄ աշխարհագրական անվանումների պաշտպանության համատեքստում։ Ըստ այդմ` մինչև 2043 թվականը հայ արտադրողները համապատասխան մարքեթինգային ռազմավարություն կիրականացնեն, իսկ կառավարությունը կօգնի նրանց»,-ասել է նա։
«Կոնյակ» բառից հրաժարվելու պահանջը, որն առկա է համաձայնագրում, պայմանավորված է նրանով, որ տվյալ տերմինը պաշտպանված աշխարհագրական տեղանուն է հանդիսանում, որը, ըստ ԵՄ-ում գործող կանոնների, կարելի է օգտագործել միայն Ֆրանսիայի Շարանտ (որտեղ էլ գտնվում է խմիչքին իր անվանումը տված քաղաքը) դեպարտամենտում արտադրված խմիչքի համար: Ըստ համաձայնագրի` ԵՄ–ն Հայաստանին 3 միլիոն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի։
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 2032թ․-ից սկսած «կոնյակ» անվանման օգտագործումն արգելված կլինի հենց Հայաստանի ներքին շուկայի համար։ Նա վստահ է, որ մինչ այդ կառավարության գործառույթն ու գործիքակազմը այս տեսակի հարաբերությունները կարգավորելու համար բավականաչափ արդյունավետ կլինի, որպեսզի վերահսկեն համապատասխանությունը այդ պահանջին։
Հայկական կոնյակն ու կեղծ արտադրանքը
Մհեր Գրիգորյանին մտահոգում է, որ «կոնյակ» բառից հրաժարվելուց հետո արտերկրում գտնվող անբարեխիղճ արտադրողները կշարունակեն օգտագործել այդ բրենդը։
«Մեր առաջ այսպիսի խնդիր է դրված, և այն պետք է լուծել մեր արտադրողների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար։ Հավանաբար զարգացած շուկաներ ունեցող երկրներում այդ խնդիրը շատ ավելի արդյունավետ կլուծվի, քանի որ այսպես թե այնպես այդ երկրներն իրենք են սահմանում և կզարգացնեն կեղծիքի դեմ պայքարի իրապես գործող մեխանիզմները»,-ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը։
Գրիգորյանի խոսքով՝ հայտնի անվանումից հրաժարվելուց հետո հայկական կոնյակի արտադրողների վնասը տեսանելի և երկարաժամկետ հեռանկարում կախված կլինի մարքեթինգային ռազմավարության որակից, որը կիրականացվի մինչև սահմանափակումների ուժի մեջ մտնելը:
«Ես չեմ բացառում, որ գրագետ ռազմավարության դեպքում այս միջոցառումը կարող է լրացուցիչ օգուտ բերել մեր արտադրողներին։ Գուցե դա տարօրինակ է հնչում, բայց դա միանգամայն հավանական սցենար է, քանի որ համախմբվելու և մարքեթինգային հնարք իրականացնելու հնարավորություն է ստեղծվում, ինչը կարող է խթանել վաճառքը»,-ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դրա համար բավարար ժամանակ կա, իսկ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, այդ թվում՝ ֆինանսապես։
Հայտնի արտադրանքի նոր բրենդը
Փոխվարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ հայ արտադրողները ակտիվորեն քննարկում են նոր անվանումները, որոնք կարող են փոխարինել «կոնյակ» բառին։
«Ես առայժմ պատրաստ չեմ այդպիսի մանրամասներ բացահայտել, քանի որ շուկայի հիմնական խաղացողների մոտ լիակատար կոնսենսուս դեռ չկա։ Կան հայեցակարգեր, տեղեկատվական ուղեկցման ծրագիրը մշակվում է, բայց այդ հարցերի շուրջ քննարկումներն ու բանավեճերը դեռ շարունակվում են»,-նշել է Մհեր Գրիգորյանը։
Նա հավելել է, որ վերջին երեք տարվա ընթացքում հայկական կոնյակի արտահանման ծավալը կազմել է մոտ կես միլիարդ դոլար, որից շուրջ 79%-ը արտահանվել է Ռուսաստան: