«Հայաստանի» համակիրներին բռնության են ենթարկել. ՄԻՊ–ը գրություն է ուղարկել իրավապահներին

Ահազանգի կապակցությամբ ՄԻՊ–ը ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել այն մասին, որ նշված անձինք բերման են ենթարկվել հավաքը խոչընդոտելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգ է ստացել «Հայաստան» դաշինքի համակիրներին ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու վերաբերյալ, որի ուսումնասիրությունից հետո գրություններ են ուղարկվել դատախազություն և ոստիկանություն` ստուգելու համար ոստիկանության բաժնում քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին տեղեկությունները: Տեղեկությունը ՄԻՊ–ը հրապարակել է Facebook–ի էջում։

Թաթոյանը նամակ է գրել Փաշինյանին և առաջակել ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնել

Մասնավորապես, հունիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկազ Հարությունյանը և հայտնել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից ՀՀ վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և Շահեն Վարդանյանին։ Հ. Հարությունյանը պնդել է, որ ՄԻՊ–ի աշխատակազմ ահազանգ ներկայացնելու պահի դրությամբ տեղեկություն չի ունեցել այդ անձանց գտնվելու վայրի մասին։

Ահազանգի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ոստիկանությունից պարզաբանումներ է ստացել այն մասին, որ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման կասկածանքով (հավաքը խոչընդոտելը), նրանցից երկուսը տեղափոխվել են քննչական մարմին: 

Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել

Այնուհետև Հարությունյանը կրկին կապ է հաստատել և տեղեկացրել, որ Տիգրան Խուդոյանը դուրս է եկել քննչական մարմնի վարչական շենքից ձեռքի հատվածը վիրակապված, ունի ձեռքի հոդի խախտում (ըստ տվյալ անձի՝ ձեռքը «դուրս է ընկել»):

Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Խուդոյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս ձեռնաշղթա հագցնելու արդյունքում:

Նա տեղեկացրել է նաև, որ քանի որ իր ձեռքի մատներն ամպուտացված են, ոստիկանության ծառայողներին նախապես խնդրել է իր նկատմամբ ձեռնաշղթա չգործադրել, սակայն, այնուամենայնիվ, ձեռնաշղթան գործադրվել է:

«Ըստ ահազանգի՝ բերման ենթարկվելու, ինչպես նաև ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում Խուդոյանի նկատմամբ ոստիկանները կիրառել են բիրտ ուժ, ծեծի է ենթարկվել նաև այդ պահին ազատությունից զրկված մյուս անձը՝ Շահեն Վարդանյանը, ում «Շտապօգնություն» ծառայության բրիգադ է այցելել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ

Ավելի ուշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական ոչ համաչափ ուժ է գործադրվել, հրապարակվել է նաև լուսանկար:

Հաշվի առնելով ահազանգի հանգամանքները, նկատի ունենալով ազատությունից զրկված անձանց բռնության ենթարկելու կոնկրետացված տեղեկությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ են ուղարկվել դատախազություն և ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում ստուգելու համար ոստիկանության բաժնում քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին տեղեկությունները: