«Ես չեմ կարող խնդիրներ ունենալ». Արա Աբրահամյանը պատասխանել է Ադրբեջանի դատախազությանը

Ռուսաստանի հայերի միության ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների մասին առայժմ որևէ ծանուցում կամ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դեռ պաշտոնական տեղեկություն չի ստացել իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին, իսկ Բաքվի մեղադրանքները նա անհեթեթություն է համարում։ Այդ մասին Աբրահամյանը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին։

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա

«Ադրբեջանի դատախազությունը ինչ ասես՝ կարող է հայտարարել, դա ինձ չի անհանգստացնում։ Ավելի լավ կլիներ, եթե նրանք իրենց քրեական հանցագործներով զբաղվեին, որոնք Ղարաբաղում խախտում են մարդու իրավունքները։ Իսկ այն, ինչ նրանք հորինում են, անհեթեթություն է և ինձ չի հուզում։ Դա ինձ համար ծիծաղելի է։ Ես անմեղ եմ և խնդիրներ ունենալ չեմ կարող»,-ասել է Աբրահամյանը։

ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ առայժմ Բաքվի քայլերի մասին որևէ ծանուցում կամ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել:

«Բայց երբ ստանանք, փաստաբանները, իհարկե, կզբաղվեն»,- ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, այդ դեպքում նա մտադիր է միջազգային դատական ատյաններ դիմել և «Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն պահանջել»:

«Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ հենց նրանց կդատեն»,- ասել է Աբրահամյանը:

Ադրբեջանում հայ գերիներին դատելը միջազգային իրավունքի խախտում է. Թաթոյան

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2001-2021 թվականների ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալուստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»: