Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները մինչև 10 տարեկան երեխաների համար

Կառավարության կայքում հրապարակվել են նոր կարգավորումները, դրանք ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի -Sputnik. Մինչև 10 տարեկան քաղաքացիները Վրաստան մուտք գործելու համար ազատվում են սահմանին ՊՇՌ թեստի բացասական արդյունքի պարտադիր տրամադրումից: Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության որոշման մեջ։

Նշվում է, որ նոր կարգավորումը տարածվում է Վրաստան մտնող բոլոր երկրների երեխաների վրա։ Բացի այդ, նրանք նաև ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստավորման անցկացումից։

Ինչպե՞ս Վրաստան հասնել Լարսով և Բագրատաշենով. հուշում` ՀՀ «մոլորված» քաղաքացիների համար

Փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։

Հիշեցնենք, որ ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործելու համար Վրաստանի կողմից սահմանված կանոնները միասնական են և տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա:

Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել և տրամադրել պաշտոնական` registration.gov.ge կայքում տեղադրված հարցաթերթիկը։

Հարցաթերթիկի դաշտում քաղաքացիները պետք է լրացնեն քաղաքացիության մասին տվյալները, նշեն գտնվելու վայրը (ճանապարհորդության մեկնարկային կետ), անունը և ազգանունը, անձնագրի համարը, հեռախոսահամարը: Անհրաժեշտ է նաև թողնել այլընտրանքային կոնտակտային համարը, մուտքագրել էլեկտրոնային փոստը, ինչպես նաև Վրաստանում մնալու հասցեն:

Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում

Սահմանի հատումը հնարավոր է միայն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը ստացվել է առավելագույնը վերջին 72 ժամվա ընթացքում: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր չեն պատրաստվում մնալ Վրաստանում, այլ Ռուսաստանից ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան։ Իսկ եթե քաղաքացիները մնում են Վրաստանում, ապա 3-րդ օրը նրանք պարտավոր են կրկին անցնել COVID-19 թեստ։