ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik.ՀՀ արտգործնախարարությունը դատապարտելի և սադրիչ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Շուշիում ստորագրած հռչակագիրն ու Թուրքիայի նախագահի` Ադրբեջանի խորհրդարանում հնչեցրած ելույթը։
«Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների»,– նշված է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Ըստ ԱԳՆ–ի` հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացրած համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։
«Վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն»,– շեշտում է գերատեսչությունը։
Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։
«Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են»,– նշում է ԱԳՆ–ն։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով ձեռք բերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից։
Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Պուտինի հետ
Հիշեցնենք` Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հունիսի 15-ին բռնազավթված Շուշիում ստորագրեցին «Շուշիի հռչակագիր» կոչվող մի փաստաթուղթ։ Հռչակագրում նշվում է, որ կողմերը միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերելու, եթե որևէ երրորդ երկիր սպառնա կամ հարձակում իրականացնի կողմերից մեկի անկախության կամ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ընդգծվում է նաև, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի «անհիմն պնդումները», պատմությունը խեղաթյուրելուն ուղղված նախաձեռնությունները վնասում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: «Հռչակագրում» նշվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղին կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը:
Թուրքիայի նախագահը Հայաստանին կոչ է արել մասնակցել տարածաշրջանային զարգացման միջազգային պլատֆորմին:
«Էրդողանը կայսրություն է կառուցում». Սատանովսկին` Շուշիում Ադրբեջանի հետ հռչակագրի մասին