ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
«COVID-19 համավարակով պայմանավորված` մենք կարևորում ենք բժշկական հաստատությունների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի փրկել հիվանդների կյանքը և տրամադրել համարժեք խնամք»,- ասել է ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն էլ ասել է, որ կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրում խիստ կարևոր է:
COVID-19-ի համավարակին ուղղված աջակցության շրջանակում ԵՄ-ն և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակում են տրամադրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 96–ով և դարձել 224 000: