Գցել է գետնին ու կտրել կնոջ պարանոցը. Արտաշատի սարսափելի սպանության մանրամասները

Քննությամբ պարզվել է, որ սպանություն կատարած երիտասարդը հաշվառված է հոգեբույժի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Արտաշատ քաղաքի 52-ամյա բնակչուհու սպանության դեպքի հանգամանքները պարզվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը երիտասարդը, մտնելով տուժողի տան խոհանոց, հարձակվել է կնոջ վրա և իր աջ ու ձախ ձեռքերում առկա ծալովի դանակներով հարվածներ հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ընկել է գետնին: Այնուհետև կինը փորձել է ոտքի կանգնել, սակայն երիտասարդը, հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, դանակներով մի քանի անգամ կրկին հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, կտրել պարանոցը։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ կատարված սպանությունն իրականացրել էր պրոֆեսիոնալ մարդասպանը

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը հաշվառված է հոգեբույժի մոտ. վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, և դատարանի որոշմամբ նա տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք`հունիսի 12–ին Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել։

Պարզվել էր, որ Արարատի մարզի բնակիչ, 21-ամյա Կարեն Մ.-ն մտել է 52-ամյա կնոջ տուն և սկսել է նրան դանակի հարվածներ հասցնել երեխային գրկած հարսի աչքի առաջ։

Հարսը փորձել է աթոռով պաշտպանել սկեսուրին, սակայն երիտասարդը հրել է հարսին ու նորից դանակի անկանոն հարվածներ հասցրել կնոջը:

Սպանություն Կոտայքի մարզում. 41–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է