ՌԱԴԻՈ

Ամերիկյան կողմը փորձելու է որոշակի փոփոխություններ մտցնել մեր տարածաշրջանում. Բալասանյան

Փորձագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե ինչպես կարող է ԱՄՆ–ի և ՌԴ–ի նախագահների հանդիպումն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վրա։
Sputnik
Ամերիկյան կողմը փորձելու է որոշակի փոփոխություններ մտցնել մեր տարածաշրջանում. Բալասանյան

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` Պուտին–Բայդեն հանդիպումը սպասված էր, ուստի առաջացրել էր բավականին մեծ հետաքրքրություն, բայց հանդիպումից հետո այնպիսի տպավորություն է, որ կողմերին այնուամենայնիվ չի հաջողվել հասնել որոշակի համաձայնության միջազգային այս կամ այն խնդրի կապակցությամբ։

«Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ապա առաջ էլ արևմտյան փորձագիտական շրջանակները կարծիք էին հայտնում, որ ժամանակն է արդեն, որ ԱՄՆ–ն ու Ֆրանսիան լրջորեն զբաղվեն տվյալ հարցով ու ամրապնդեն իրենց դիրքերն ու պաշտպանեն սեփական դիրքորոշումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ։ Դա նշանակում է, որ այդ գերտերությունները փորձելու են նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո որոշակի փոփոխություններ մտցնել տարածաշրջանում` փորձելով սահմանափակել Ռուսաստանի ակտիվությունը»,– նշեց փորձագետը։

«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը

Բալասանյանը վկայակոչեց նաև ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալի տարածաշրջանային այցը` նշելով նաև հայկական կողմից չհերքված այն տեղեկատվությունը, ըստ որի` ամերիկյան կողմի միջնորդությամբ է Ադրբեջանին փոխանցվել Աղդամի ականապատման քարտեզները, ինչից հետո Բաքուն վերադարձրել է 15 հայ գերիներին։ Ըստ Բալասանյանի` դա նաև ՌԴ–ին նետված մարտահրավեր էր ՀՀ իշխանությունների ու ԱՄՆ–ի կողմից ցույց տալու համար, որ ղարաբաղյան հիմնախնդրում Ռուսաստանը միանձնյա որոշումներ կայացնող չէ։

Փորձագետի կարծիքով` ԱՄՆ–ն արցախյան 44-օրյա պատերազմը դադարեցնելու գործում որևէ դերակատարում չունեցավ և որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` որևէ ազդեցություն չունեցավ թուրքական ախորժակը զսպելու գործում։ Ըստ նրա` ԱՄՆ–ն շարունակում է վարել ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու քաղաքականությունը։ Թուրքիան իր սև գործը կատարեց և հիմա կարող է հեռանալ, իսկ ԱՄՆ–ի համար ճանապարհ է բացվում ղարաբաղյան հակամարտության բանակցային փուլը վերսկսկելու համար, այսինքն` եկել է քաղաքական գործոնի պահը, ուստի ԱՄՆ–ն իր հնարավորությունը, ըստ Բալասանյանի, բաց չի թողնելու, որպեսզի ապացուցի բոլորին, մասնավորապես Հայաստանում գործող պրոամերիկյան քաղաքական ուժերին և հոսանքներին, որ բանակցային գործընթացի վերսկսման պահից կանգնելու է հայ ժողովրդի կողքին, անելու է ամեն ինչ, որպեսզի հարցը միանձնյա լուծում չստանա։ 

Պուտինի համար լարված օր էր. Պեսկովը` Բայդենի հետ հանդիպման մասին

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կայացավ հունիսի 16-ին Ժնևում: Բանակցությունները տևեցին 4,5 ժամ։

Սա նրանց առաջին հանդիպումն էր Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։